14 ապրիլի 2009 - 19:44 AMT
«Սթարն» անցկացնում է ընտրենք հայկականը ակցիան
Ապրիլի 14-ից 14 օր շարունակ «Սթարի» բոլոր խանութներում գործելու է մինչեւ 14 տոկոս զեղչ 514 անուն հայկական արտադրության ապրանքատեսակների համար: Այդ մասին հայտնում է «Սթար» սուպերմարկետների ցանցի մարքեթինգային ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն, «Ընտրենք հայկականը» սոցիալական ակցիան, որն իրականացվում է հայկական 54 արտադրողների հետ համատեղ, ուղղված է հայկական արտադրատեսակների առաջխաղացմանը եւ հայ սպառողներին ընտանեկան բյուջեն խնայելու հավելյալ հնարավորություն ընձեռելուն:

«Ակցիան ժամանակին է եւ իսկապես տեղին: Այսօր` համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում, աշխարհի ազգային տնտեսությունների մեծամասնությունը փորձում է շուկան հագեցնել տեղական արտադրանքով: Հայկական ապրանքներին նախապատվություն տալով` մենք աջակցում ենք տեղական ընկերությունների զարգացմանը, եւ մեզնից յուրաքանչյուրը գնումներ կատարելիս պետք է այդ հանգամանքը հաշվի առնի», - փաստում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Սթարի» գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը նշեց, որ հայրենական արտադրողների համար նպաստավոր պայմանների ստեղծումը կառավարության օրակարգում է, եւ նման ակցիաներ կազմակերպելով` «Սթարը» գիտակցաբար աջակցում է հայկական արտադրողներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լինելով Հայաստանում մանրածախ առեւտրի խոշորագույն ցանց` «Սթարը» նախատեսում է առաջիկայում նույնպես աջակցել տեղական արտադրողներին, առավել եւս, որ նման ակցիաները ձեռնտու են նաեւ հաճախորդներին: