4 հոկտեմբերի 2022 - 18:44 AMT
Վարչապետն ու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը խոսել են գործակցության խորացման հնարավորություններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին Երևանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ աշխատանքներին, մտքեր փոխանակել Հայաստանի և ՄԱԳԱՏԷ-ի միջև համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ:

Վարչապետը ողջունել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի այցը Հայաստան և նշել, որ Հայաստանը կարևորում է ՀՀ կառավարության և ՄԱԳԱՏԷ միջև համագործակցությունը, որն էական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության ապահովման և կարողությունները զարգացնելու տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այս խնդիրները ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթությունների թվում են:

ՄԱԳԱՏԷ գլխավոր տնօրենը ևս ընդգծել է միջուկային անվտանգության ապահովման ոլորտում երկկողմ գործակցության կարևորությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հետագա ծրագրերի շուրջ և պատրաստակամություն հայտնել շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարությանն այդ ուղղությամբ: ‌