ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հաստատել է լուրերը, թե հակառակորդը կրակում է Գեղարքունիքի մարզի Կուտական համայնքի դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Sputnik Արմենիան:
Նա հայտնել է, որ հայկական կողմը զոհեր և վիրավորներ չունի։
«Ինտենսիվ փոխհրաձգություն չի արձանագրվել։ Զոհեր, վիրավորներ չկան։ Այս պահին փոխհրաձգություն չկա»,– ասել է Թորոսյանը։
Համայնքի ղեկավար Մակիչ Թովմասյանն ավելի վաղ հայտնել էր, որ առավոտյան ժամը 9-10-ը դիրքից դիրք կրակոցներ են հնչել, հիմնականում մանր տրամաչափի զինատեսակներից։
Ավելի ուշ Կուտականի ղեկավարը հայտնել էր, որ կրակոցները վերսկսվել են։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։