7 հոկտեմբերի 2022 - 12:34 AMT
Էրդողան․ Նախապայմաններ չկան, միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անհապաղ կնքեք

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ավարտին մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նշելով, որ անկեղծորեն հավատում է՝ տարածաշրջանում բարիդրացիության հիման վրա հնարավոր է հասնել հարաբերությունների ամբողջական կարգավորման նպատակին։

Հայ-եվրոպական ամսագրի լրագրողի հարցին, թե ինչ նախապայմաններ ունի Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ Էրդողանը պատասխանել է, որ «նախապայմաններ չկան», գրում է Ermenihaber-ը։

«Նախապայմաններ չկան, միայն ցանկանում ենք, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունները հասունացնեք և խաղաղության վերաբերյալ պայմանագիրն անհապաղ կնքեք։ Հենց դա անեք, մեզ հետ որևէ խնդիր չի մնա․ սահմաննե՞ր են պետք բացել, ուրեմն կբացենք, ընդ որում՝ բոլոր տեսակի՝ օդային, ցամաքային և երկաթուղային»,- ասել է նա:

Թուրքիայի պետական TRThaber-ի լրագրողը Թուրքիայի ղեկավարին հարցրել է, թե Փաշինյանն ի՞նչ ուղերձներ է տվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու հարցում։

«Ինչպես գիտեք, մեր հատուկ ներկայացուցիչների միջոցով բանակցությունները փոխադարձաբար շարունակվում են։ Մենք էլ այսօր նրա հետ հանդիպումն անկեղծ մթնոլորտում անցկացրինք։ Դրա ընթացքում խոսք է եղել որոշակի պահանջների մասին։ Այս պահանջների առնչությամբ թե՛ հատուկ ներկայացուցիչներին և թե արտգործնախարարներին տվել ենք հանձնարարականներ։ Արտգործնախարարների հանդիպում կլինի, հատուկ ներկայացուցիչների՝ նույնպես։ Ապա, ըստ ստացված արդյունքի, կանենք մեր քայլը»,- ասել է Էրդողանը։

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության լրագրողը խնդրել է պարզաբանել «որոշ պահանջները» արտահայտությունը և հարցել, թե երբ կբացվի հայ-թուրքական սահմանն ու երբ կկարգավորվեն հարաբերությունները՝ հաշվի առնելով այն, որ ըստ Ադրբեջանի նախագահի՝ Ղարաբաղի հարցը արդեն լուծվել է։

Պատասխանելիս Էրդողանը կրկին հիշեցրել է երկու երկրի հատուկ ներկայացուցիչների ու արտգործնախարարների կողմից տարվող աշխատանքների մասին։

«Հատկապես բեռնափոխադրումներից (կարգոյից) մինչև օդային ճանապարհով բեռնափոխադրումներ, բոլոր այս հարցերի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Ցանկանում ենք րոպե առաջ Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները ջերմացնել և այս հարցը լուծել»,- ասել է նա։

ՀՀ վարչապետը և Էրդողանը Պրահայում հանդիպմանը Հայաստան-Թուրքիա կարգավորման համատեքստում երկուստեք կարևորել են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները, հայտնել է վարչապետի մամուլի ծառայությունը։

Շեշտվել է երկու երկրի հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանի բացմանը, Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացմանը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Փաշինյանը և Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու այդ ուղղությամբ հետագա հնարավոր քայլերը: