7 հոկտեմբերի 2022 - 18:48 AMT
Մարուքյան․ Ադրբեջանն այլևս չի կարող տարածքային որևէ պահանջ ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, կարծիք է հայտնել, որ Ադրբեջանն այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

«Վարչապետ Փաշինյանի, նախագահ Ալիևի, նախագահ Մակրոնի և նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին կայացած հանդիպման արձանագրումներն են.

1. Ադրբեջանը համաձայնել է համագործակցել ԵՄ քաղաքացիական առաքելության հետ, որը կլինի սահմանի երկայնքով։ Հետևաբար Ադրբեջանի ապագա ագրեսիան մոնիթորինգի կենթարկվի տեղում, ավելին նաև կարձանագրվի Հայաստանի սուվերեն տարածքի արդեն իսկ օկուպացված հատվածը:

Հիշեցնեմ, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը 2022թ. հոկտեմբերի 5-ին հայտարարել էր, որ ԵՄ-ն ցանկանում էր դիտորդական առաքելություն ուղարկել շփման գոտի, սակայն Ադրբեջանի դեմ լինելու պատճառով առաքելությունն այդպես էլ չուղարկվեց։

1. Ադրբեջանը համաձայնել է Հայաստանը ճանաչել ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա-Աթայի Հռչակագրի համաձայն, որից հետո դելիմիտացիայի գործընթացում Ադրբեջանը այլևս չի կարող որևէ տարածքային պահանջ ներկայացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը նշանակում է նաև, որ պետք է Ադրբեջանական զինված ուժերը դուրս գան մինչ այս պահը օկուպացված տարածքներից»,-ասվում է գրառման մեջ։ ‌