11 հոկտեմբերի 2022 - 11:20 AMT
Բլինքենն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԼՂ բնակիչների իրավունքների և երաշխիքների քննարկումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում կարևորել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումները, հայտնում է ԱՄՆ Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բլինքենը երախտագիտություն է հայտնել այն դրական քայլերի համար, որ Ադրբեջանն ու Հայաստանը ձեռնարկում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ, ներառյալ ԱԳ նախարարների և ղեկավարների միջև վերջին ուղիղ բանակցությունները:

Պետքարտուղարը ողջունել է հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերու ազատ արձակումը և հորդորել Ալիևին շարունակել ժամանակային և չափելի քայլերը՝ նպաստելու համար խաղաղ գործընթացին։

Բլինքենը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է սահմանների հստակ սահմանազատման, տրանսպորտային կապերի, անհետ կորածների որոնման և նույնականացման, կալանավորների վերադարձի և այլ հարցերում:

«Նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների և երաշխիքների վերաբերյալ քննարկումների կարևորությունը, ինչպես նաև երկուստեք հրադադարի ռեժիմը պահպանումն ու բանակցային համաձայնագրի վրա կենտրոնանալու անհրաժեշտությունը, որը միակ ուղին է դեպի կայուն խաղաղություն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Factor TV-ին հարցազրույցում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ճակատագրին այն պայմաններում, երբ Պրահայի քառակողմ հանդիպմանը ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ասել է, որ արցախցիների իրավունքների, անվտանգության ապահովման իրացման համար ՀՀ-ն որևէ ռեսուրս չունի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունն է, թե «Արցախի հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ ովքեր համաձայն չեն, կարող են գնալ, որտեղ ուզում են»։