11 հոկտեմբերի 2022 - 12:12 AMT
Դյումոն․ Ադրբեջանական ԶՈւ-ն պետք է դուրս բերվի ՀՀ ինքնիշխան տարածքից

Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնը հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Երևանում հանդիպմանը վերահաստատել է ֆրանսիական կողմի դիրքորոշումը, ըստ որի` ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս բերվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ առկա խնդիրները՝ լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով:

Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը` Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան խստորեն դատապարտելու, ճշգրիտ և հասցեական գնահատականներ տալու, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին աջակցելու համար: Պաշտպանության նախարարը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանը, մասնավորապես` սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լյույոն:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։