12 հոկտեմբերի 2022 - 11:58 AMT
Զախարովա․ ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի հակամարտության կարգավորման մեջ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման որոշմանը, ասել է, թե ԵՄ-ն փորձում է մխրճվել Մոսկվայի կողմից Բաքվի և Երևանի միջև հակամարտության կարգավորման մեջ։

«Այստեղ մենք, ցավոք, տեսնում ենք Եվրամիության հերթական փորձերը ցանկացած եղանակով մխրճվել Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման մեջ՝ նեղելով մեր երկրի միջնորդական ջանքերը»,- ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության լիակատր իրագործումն է»,- ասել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Բրյուսելում գերադասում են չմտածել քայլերի հետևանքների մասին՝ հայ-ադրբեջանական կարգավորման առումով տարածաշրջանային կայունության համար։ Ըստ նրա, պատմությունը հուշում է, որ Եվրամիության առաքելությունները հակամարտությունների իրական կարգավորման չեն հանգեցրել։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: