Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և սպասում է պատասխանի։ Այդ մասին նա հայտարարել է Բիշքեկում՝ հավելելով, որ հայկական կողմը ժամանակ է խնդրել ծանոթանալու համար։
Բայրամովն ասել է, որ ընդլայնված տարրերը լրացնում են ավելի վաղ ադրբեջանական կողմի ներկայացրած 5 հիմնական սկզբունքը, որոնք պետք է հիմք հանդիսանան Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման համար, գրում է Interfax.az-ը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ ՀՀ հետ բանակցություններում առաջընթաց լինի, մասնավորապես, խաղաղության պայմանագրի կնքման, հաղորդակցությունների բացման և հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման մասով։
Բայրամովը հավելել է, որ հոկտեմբերին Բրյուսելում նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և ՀՀ միջև պետսահմանի սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։
ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: