Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին ՀՀ և Ադրբեջանի միջև վերջին բախումները «նպատակաուղղված հրահրելու մեջ՝ ապակայունացնելու համար իրավիճակը Կովկասում և դրա սահմաններից դուրս»։ Այդ մասին Մակրոնը խոսել է France 2 հեռուստաալիքի եթերում, գրում է Reuters-ը։
«Ինչ է կատարվում սահմանին վերջին երկու տարում... 5000 ռուս զինվոր է տեղակայված սահմանին, բայց ռուսներն օգտագործում են հարյուրամյակների պատմություն ունեցող հակամարտությունը և խաղում են Ադրբեջանի խաղը` Թուրքիայի մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, որի հետ սերտ հարաբերություններ ունեն: Տեսնո՞ւմ եք` ինչ է կատարվում։ Սա իրավիճակն ապակայունացնելու Ռուսաստանի փորձն է, որն ուզում է խառնաշփոթ իրավիճակ ստեղծել Կովկասում` բոլորիս ապակայունացնելու համար»,- ասել է նա։
Նա նաև ասել է, որ սեպտեմբերին Ադրբեջանը մի քանի հարձակողական գործողություն է նախաձեռնել սահմանին՝ «հավանաբար, իր տարածքի մի մասից դեպի մյուսը միջանցք բացելու մտադրությամբ։
«Մենք միանշանակ դատապարտեցինք դա։ Եվրոպայի խորհրդի հետ միասին մենք հավաքեցիքն ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին և որոշեցինք, որ կողմերն առաջին հերթին պետք է պարտավորվեն ճանաչել 1991թ․ սահմանները»,- ասել է Մակրոնը։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։