14 հոկտեմբերի 2022 - 12:37 AMT
Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է հանդիպման ՌԴ-ում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հանդիպում անցկացնել Ռուսաստանում։ Այդ մասին նա ասել է Աստանայում՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ նեղ կազմով հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես հաճույքով հրավիրում եմ և Ադրբեջանի նախագահին, և Հայաստանի վարչապետին։ Դուք կարող եք համաձայնեցնել օրը, և, ես այնպես հասկացա, որ հիմա կա շահագրգռվածություն հանդիպելու Ռուսաստանում»,-ասել է նա։

Պուտինը հավելել է, որ հանդիպումը կարող է անցնել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Պետերբուրգ։

«Ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ»,-ասել է ՌԴ նախագահը։

Փաշինյանն Աստանայում մասնակցում է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Աստանայում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որտեղ հատուկ ուշադրություն է հատկացվել Հհ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների ընթացքին։