14 հոկտեմբերի 2022 - 14:39 AMT
Պուտինը կողմ է, որ ԱՊՀ–ն դիտորդ դառնա ՀԱՊԿ-ում․ ՀՀ-ն մտահոգություն է հայտնել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կողմ է ԱՊՀ–ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) դիտորդի կարգավիճակ տալու գաղափարին, քանի որ դա, նրա համոզմամբ, լրացուցիչ մեխանիզմներ կստեղծի անվտանգության խնդիրների լուծման համար։ ՌԴ նախագահն այդ մասին հայտարարել է Աստանայում ԱՊՀ առաջնորդների խորհրդի ընդլայնված նիստում, որտեղ ստորագրման է ներկայացվել տվյալ կարգավիճակի ընդունման մասին փաստաթուղթը։

«Մենք կողմ ենք ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալու` մեր հաստատմանը ներկայացված որոշմանը։ Եթե որոշ գործընկերներ, մասնավորապես` վարչապետը (Հայաստանի), ունեն որոշակի մտահոգություններ այս առնչությամբ, ապա այս հարցը պետք է հետագայում մշակվի, ուշադրություն դարձվի և աշխատանք տարվի այդ ուղղությամբ»,- ասել է ՌԴ ղեկավարը, գրում է Sputnik Արմենիան։

Միաժամանակ Պուտինը կարծիք է հայտնել, որ ԱՊՀ–ին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալը որևէ մեկին չի խանգարում, ընդհակառակը` այդ բոլոր հարթակները խորհրդատվության և լուծումների որոնման համար օգտագործելու լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում։

Ի տարբերություն ՀԱՊԿ–ի, ԱՊՀ–ին անդամակցում է նաև Ադրբեջանը։

Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նախ նեղ կազմով է անցկացվել, ապա միացել են պատվիրակությունների ներկայացուցիչները։