15 հոկտեմբերի 2022 - 10:43 AMT
ԵՄ դիտորդների մասնագիտական խումբը կայցելի շրջաններ և կորոշի առաքելության տեղակայման վայրերը

Երևան ժամանած Եվրամիության դիտորդների մասնագիտական խումբը նախապատրաստելու է մինչև հոկտեմբերի վերջ սպասվող Եվրամիության դիտորդների այցը Հայաստան։ Այդ մասին հայտնել է փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյաննը՝ հավելելով, որ խումբը բաղկացած է 8-10 մասնագետից, տեղեկացնում է «Ազատությանը»։

Եվրամիության մասնագետները կլինեն Հայաստանի սահմանային տարբեր շրջաններում, տեղում կծանոթանան իրավիճակին և կորոշեն, թե հետո ժամանող Եվրամության քաղաքացիական դիտորդները կոնկրետ որ վայրերում են տեղակայվելու։

Մասնագիտական խումբը Հայաստանում կմնա մինչև հոկտեմբերի 18-ը։

Թե առաջիկայում Եվրամիության քանի դիտորդ կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին, առայժմ հայտնի չէ։ Հովհաննիսյանն ասել է, թե մասնագիտական խմբի այցի արդյունքում այդ հարցը նույնպես կքննարկվի։

Ըստ «Ազատության» դիվանագիտական աղբյուրների՝ առաքելության կազմում կլինի մինչև 50 դիտորդ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ ԵՄ դեսպանները Քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում հավանություն են տվել քաղաքացիական առաքելություն ուղարկելուն: