Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։
Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակելու քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Արցախի տարբեր կառույցների միջև, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նշվում է, որ քննարկումները կշարունակվեն հոկտեմբերի 18-ին հրավիրված Արցախի Հանրապետության կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 15-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանն ասել է, որ «Ղարաբաղի հարցով որոշումները շատ դեպքերում չեն բավարարելու հայկական կողմի ցանկությունները», քանի որ փոխվել է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը։
«Դժվար ժամանակներ են։ Հիմա վճռորոշ փուլ է մտել ամեն ինչ։ Դա վերաբերում է Հայաստանի Հանրապետության գոյությանը և Արցախի հարցի լուծմանը։ Եվ մեզանից պահանջվում է ուժերի գերագույն լարում, հմտություն, հավասարակշռություն, իրատեսություն, ամենակարևորը, որպեսզի մենք կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել»,-ասել է Խաչատուրյանը։