18 հոկտեմբերի 2022 - 10:44 AMT
Փաշինյան․ Ադրբեջանը հող է պատրաստում նոր ագրեսիայի համար՝ մշտական միջազգային մեխանիզմ է պետք

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար և որ դրան հակազդելու համար մշտական գործող միջազգային մեխանիզմ է պետք։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանը հրադադարի իր խախտումները մշտապես վերագրում է Հայաստանին։ Ակնհայտ է, որ դա հող է նախապատրաստում Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիայի համար։ Անհրաժեշտ է մշտական գործող միջազգային մեխանիզմ հրադադարը պահպանելու և սահմանների անվտանգությունն ապահովելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասվում է, որ Վարդենիսի ուղղությամբ հրետանային միջոցների առկայությունը անմիջականորեն կապված է Ադրբեջանի ԶՈւ կողմից լրացուցիչ ուժերի և միջոցների տեղաշարժով ու բացազատման հետ, որն առաջացրել է որոշակի լարվածություն: Նշվում էր, որ հայկական կողմի քայլերը, որ իրականացվել են տվյալ գոտում ադրբեջանական հրետանային և զենիթային լրացուցիչ միջոցների տեղակայումից հետո, կրում են բացառապես պաշտպանական բնույթ:

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ՀՀ-ն «Դաշքեսանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերի դիմաց գտնվող իր դիրքերում լրացուցիչ անձնակազմ, ռազմական տրանսպորտային միջոցներ և 4 միավոր հրետանային կայանք է տեղակայել»։ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ նաև ասվում էր, թե «լարվածության համար ամբողջ պատասխանատվությունը, որը կարող է առաջանալ տարածաշրջանում, կրում է ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունը»։