15 ապրիլի 2009 - 14:37 AMT
Վրաստանի իշխանություններն ու Ջավախքի հայկական բնակչությունը պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստի
Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը բոլոր միջազգային կազմակերպություններին եւ հայկական սփյուռքին կոչ է անում միավորել ջանքերը Ջավախքի շրջանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության, հատկապես Ջավախքի հայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի» առաջնորդ Վահագն Չախալյանին ազատ արձակելու համար մղվող պայքարում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունին:

«Մենք մի շարք հանդիպումներ ենք անցկացրել Եվրոպայում, հանդիպել ենք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի հայկական համայնքների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչների հետ, Եվրախորհրդին ներկայացրել ենք զեկույց շրջանում հայ բնակչության իրավունքների առնչությամբ տիրող իրավիճակի մասին: Նրանք, իրենց հերթին, ելույթ կունեն իրենց սեփական զեկույցով, եւ մենք հույս ունենք, որ վերջինս նման կլինի մեր ներկայացված զեկույցին», - ընդգծել է Սեւակ Արծրունին:

Նրա խոսքերով, շրջանի հայ բնակչության խնդիրները Վրաստանի ներքին խնդիրն է, եւ այն չի կարելի դիտարկել հայ-վրացական հարաբերությունների համատեքստում: «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Հայաստանի շատ քաղաքական ուժեր Ջավախքի խնդիրը ներկայացնում են որպես արտաքին քաղաքական եւ փորձում են որոշակի դիվիդենդներ ձեռք բերել: Դա վնասում է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ջավախքին», - նշել է «Երկիր» միության խորհրդի նախագահը:

Նա նաեւ նշել է, որ առաջիկայում «Երկիր» միությունն այլ հայկական կազմակերպությունների հետ միասին կդիմի Հայաստանում եւ Վրաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին: «Մենք պարզապես ցանկանում ենք ազդել վրացական իշխանությունների վրա, որպեսզի նրանք փոխեն իրենց քաղաքականությունն ազգային փոքրամասնությունների նկատմամբ եւ հարգեն վերջիններիս իրավունքները: Մենք ցանկանում ենք, որպեսզի Վրաստանի իշխանությունները, վերջիվերջո, բանակցությունների սեղանի շուրջ նստեն Ջավախքի հայ բնակչության հետ»: