25 հոկտեմբերի 2022 - 11:38 AMT
Զախարովա․ Մոսկվային և Երևանին գժտեցնելու փորձերը հաջողության չեն հասնի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով ՀՀ և հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ գործընթացները, հայտարարել է, որ Մոսկվայում տեսնում են, թե ինչ «աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը» և որ Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողության չեն հասնի։

Նա նշել է նաև, որ Անդրկովկասում թափ հավաքող միտումները, ուր Արևմուտքը փորձում է ներմուծել Ուկրաինայում փորձարկված առճակատման սխեմաները, չեն կարող չմտահոգել, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

«Ձգտելով վնասել մեր երկրների և ժողովրդների միջև առկա բազմադարյա կապերին՝ քայլեր են ձեռենարկվում վարկաբեկելու համար ՌԴ քաղաքականությունը տարածաշրջանում։ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցումով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՈԿԿ-ներն ու ԶԼՄ-ները կրկնաի ուժով են ձգտում հակառուսական տրամադրություններ տարածել։

«Վստահ ենք, որ Մոսկվային և Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողության չեն հասնի»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ Ռուսաստանը տրամադրված է ամրապնդելու ռազմավարական դաշինքը և բազմակողմանի կոոպերացիան Հայաստանի հետ, ինչը թույլ կտա միասին հաղթահարել առկա մարտահրավերները։

«Զարգանում է երկխոսությունը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական գծով։ Ապրանքաշրջանառությունն աճում է ռեկորդային տեմպերով։ Իրականացվում և մշակվում են լուրջ նախագծեր տրանսպորտային և լոգիստիկ, ենթակառուցվածքային, լեռնահանքային, բարձ տեխնոլոգիական ոլորտներում։ Տասնյակ խոշոր ռուսական ընկերություններ պատրաստ են հետագայում ևս ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ։ Հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներևգետիկ և պարենային անվտանգության հզորացման խնդիրները։ Բազմակողմանի շփումները գիտական, կրթական և մշակութային ոլորտներում ևս շարունակվում են։ Զգալի օգուտ է տալիս Երևանին նաև անդամակցությունը ԵԱՏՄ-ում։

Արևմուտքի անպատեհ և լկտի մոտեցումը նկատվում է նաև հայ-ադրբվեջանական կարգավորման հարցում։ Հաշվի չի առնվում ոչ տարածաշրջանային յուրահատկությունը, ոչ խնդրի առձնահատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և բալանսավորված լուծումների մշակումն է, այլ ինքնագովազդն ու Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելը։

Յուրացվում և նենգափոխվում են մեր եռակողմ մշակումները։ Հաճախակի են դարձել ԵՄ, ԵԱՀԿ-ի Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների այցերը Հայաստան։ Առաջ են մղվում շուտափույթ «թխված» նախաձեռնությունները, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ամբողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել բարդ պայմաններում՝ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»,-ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության մեջ։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Դիտորդներն արդեն Հայաստանում են։

ԵԱՀԿ-ն իր հերթին փաստահավաք առաքելություն է գործուղել Հայաստան, որը երկրում կմնա մինչև հոկտեմբերի 27-ը։