Կյանքից հեռացել է լրագրող, սցենարիստ, հեռուստահաղորդավար Գայանե Փայտյանը։ Վերջին տարիներին նա առողջական խնդիրներ ուներ:
Փայտյանը ծնվել է 1974-ի հունիսի 30-ին՝ Երևանում։
1996-ին Փայտյանն ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։ 1995-99 թթ․ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստաընկերությունում։ 1998-99 թթ․ եղել է «Նորք» հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրի տնօրենը և «Արտ 13» հեռուստաընկերության խմբագիրը, հեղինակել և վարել է «Ծանոթ անծանոթ» հաղորդաշարը։ 1999-2015 թթ․ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրում։
2000-2008 թթ․ եղել է Ազգային Ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետը։
2004-ից միջազգային հեռուստատեսային ակադեմիայի անդամ էր, 2006թ. Հայկական Երկրորդ հեռուստաալիքով հեղինակել և վարել է «Կախման կետեր», 2017-ից՝ «Զրույց Փայտյանի հետ» հաղորդաշարերը։ Փայտյանը նաև մի շարք վավերագրական ֆիլմերի հեղինակ էր։
Դասախոսել է Հայաստանի Ֆրանսիական և Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարաններում։