15 ապրիլի 2009 - 19:29 AMT
Հայ-թուրքական սահմանի մոտ ձերբակալել են թուրք լրագրողների
Ապրիլի 13-ին Արմավիրի սահմանապահները ձերբակալել են 5 անձանց, որոնք պատրաստվում էին նկարահանում կատարել հայ-թուրքական սահմանում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել են Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանային վարչությունից: «Քանի որ ՀՀ օրենսգրքով սահմանում արգելված են նկարահանումները, ուստի ստուգել են ձերբակալվածների փաստաթղթերը, Երեւանից կանչել են ԱԱԾ խմբին, որը նրանց տարել է նշանակման վայր»,- ասել են մամլո ծառայությունից` ավելացնելով, որ ոչ մի բողոք ձերբակալվածների կողմից չի եղել, ընդհակառակը, նրանք շնորհակալություն են հայտնել սահմանապահներին հյուրասիրության համար:

Թուրքական Zaman թերթը հաղորդել է, որ 5 թուրք լրագրողներ փորձել են հատել Հայաստանի հետ սահմանը երկկողմանի հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին նյութ պատրաստելու եւ սահմանի հնարավոր բացման մասին Հայաստանի քաղաքացիների կարծիքն իմանալու համար:

Սակայն լրագրողները անցագրային կետի մոտ ձերբակալվել են ռուս եւ հայ սահմանապահների կողմից: Նրանք տեղեկացրել են լրագրողներին, որ նկարահանումներն այդ տեղանքում արգելված են եւ նրանց տարել են զինվորական մաս: Մոտ երկու ժամ տեւած զրույցից հետո լրագրողներին ազատ են արձակել: