Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին Երևանում է։ Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հիանալի, թեև մի փոքր ցուրտ առավոտ Երևանում։ Վաղուց չենք տեսնվել»,-գրել է նա։
Այցի նպատակի մասին ոչինչ չի ասվում։
Վերջին անգամ Կլաարը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 15-ին՝ ծանոթանալու իրավիճակին սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։
Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին Եվրամիության դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։