29 հոկտեմբերի 2022 - 10:34 AMT
Մարուքյան․ Խաղաղ պայմանագրի վաշինգտոնյան տարբերակ չկա՝ կա ռուսականն ու ադրբեջանականը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ խաղաղ պայմանագրի վաշինգտոնյան նախագիծ գոյություն չունի, կան միայն ռուսական և ադրբեջանական տարբերակներ։

«Պաշտոնապես ասում եմ՝ չկա վաշինգտոնյան նախագիծ, չկա արևմտյան նախագիծ։ Կա խաղաղության պայմանագրի ադրբեջանական նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմը աշխատել է այս ընթացքում։ Աշխատանքներն ավարտված են կարելի է ասել և առաջիկա հանդիպմանը կլինի քննարկում, հայկական կողմը կներկայացնի իր առաջարկները»,– ասել է Մարուքյանը։

Նա ասել է, որ մամուլում տարածված անգլերեն տեքստը հանդիպման ամփոփագիրն է, ոչ թե պայմանագրի նախագիծը։

Անդրադառնալով ռուսական տարբերակին՝ Մարուքյանը կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ հայկական կողմը դեռևս սեպտեմբերին տվել է իր համաձայնությունն այդ առաջարկներին։

Նա հույս է հայտնել, որ Սոչիում կայանալիք եռակողմ հանդիպմանը ռուսական կողմը կպնդի իր առաջարկները և կհամոզի ադրբեջանական կողմին ընդունել դրանք, որոնք ընդունելի են նաև Հայաստանի համար։

Հատուկ հանձնարարություններով դեսպանն ասել է նաև, որ հայկական կողմը մտադրություն ունի առաջարկել ՌԴ-ին երկարացնել խաղաղապահների ներկայությունն Արցախում 10 տարով, ինչը հնարավոր կլինի այն դեպքում, եթե ՌԴ-ն աջակցի և կարողանա համոզել Ադրբեջանին։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։ ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա ՀայաստանիվարչապետՆիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։