ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում տեղի ունեցած հանդիպմանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության ու կայունության խնդիրների, մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանը և Տոյվո Կլաարը կարևորել են ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում և անդրադարձել առաքելության գործունեությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափկման, ինչպես նաև սահմանային անվտանգության և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի վերաբերյալ:
Արարատ Միրզոյանը վերահաստատել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերջին ագրեսիայի հետևանքների վերացման, մասնավորապես` ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման անհրաժեշտությունը:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։
Հոկտեմբերի 14-ին Երևան էր ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով: Հոկտեմբերի 27-ին Եվրամիության դիտորդները սկսել են պարեկությունը հայ-ադրբեջանական սահմանին։