31 հոկտեմբերի 2022 - 11:09 AMT
Արցախի գործող և նախկին նախագահները մասնակցել են Ստեփանակերտի բազմահազարանոց հանրահավաքին

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բազմահազարանոց հանրահավաքին մասնակցելկ են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱՀ երկրորդ ու երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Հանրահավաքին զուգահեռ ընթանում էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի, որը հայտարարություն է ընդունել։

ԱԺ պատգամավոր Արեգ Ավագյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարությունը:

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը Վերածննդի հրապարակում ունեցած ելույթում ասել է, որ անընդունելի է ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կարող է դիտարկվել որպես Ադրբեջանի մաս:

«Բոլորս միասանական պաշտպանելու ենք Արցախը, հնարավորությունը կա փրկելու Արցախը: Այն, որ բոլորդ կանգնած եք այստեղ, պատգամ է ամբողջ աշխարհին, մարդկությանը: Մենք ապրում ենք օրհասական ժամանակահատված՝ առերեսվելով գոյաբանական վտանգների: Նաև Մայր Հայաստանը և Սփյուռքն են առնչվում նման գոյաբանական վտանգների: Այս ամենը հաղթահարելու համար պետք է աշխատենք և ներքին,և արտաքին ոլորտներում»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ ամենակարևորը անտարբեր չլինելն է, հենց անտարբերությունը մեզ կարող է կործանել: Նրա խոսքով՝ յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, լինելո՞ւ է հաղթանակ, թե՝ պարտություն, գրում է «Փաստինֆոն»։

Նա ընդգծել է՝ ճակատագիրը միասնական է, չի լինելու ոչ մի խաղ ժողովրդի մեջքի հետևում:

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դերակատարությունը տարածաշրջանում և խաղաղապահ առաքելության բարդ աշխատանքը: Երբ մենք ասում ենք, որ հայ և ռուս ժողովուրդները եղբայրական են, դա ուղղված չէ այլ ժողովրդի դեմ: Եկեք համախմբվենք ու չհուսահատվենք. կան բոլոր շանսերը պահելու մեր երկիրը»,- նշել է Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում Վերածննդի հրապարակից։

«Արցախի ժողովրդի կամքն անսասան է սեփական ճակատագիրը որոշելու և տնօրինելու հարցում…»,-գրել է նա։

Հանրահավաքին մասնակցել է մոտ 40,000 քաղաքացի։

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. «Արցախի ժողովուրդն այսօր հուժկու հանրահավաք էր կազմակերպել՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ: Ստեփանակերտից ու շրջաններից հավաքված շուրջ 40,000 քաղաքացիները (ընդհանուր բնակչության շուրջ 33%-ը) և Ազգային ժողովը վերահաստատեցին մեր կամքն ու վճռականությունը սեփական ճակատագիրը տնօրինելու և Հայրենիքը պաշտպանելու հարցում: Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում:Մենք ենք մեր հայրենիքի տերը և շարունակում ենք պայքարը հանուն մեր իրավունքների ու ազատությունների»:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Պուտինը նաև առանձնազրույցներ կունենա Փաշինյանի և Ալիևի հետ։