1 նոյեմբերի 2022 - 10:42 AMT
Պուտին․ Պատրաստ ենք տրամադրել ԽՍՀՄ ԳՇ քարտեզները՝ դրանք ամենաճշգրիտն են

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո ասուլիսում, պատասխանելով երկու երկրի միջև սահմանազատման մասին հարցին, ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է քարտեզներ տրամադրել կողմերին։

«Մենք պատրաստ ենք տրամադրել մեր տնօրինության տակ եղած քարտեզները՝ սովետական բանակի Գլխավոր շտաբի քարտեզները, դրանք ամենաճշգրիտն են»,- ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

Photo. Ria Novosti