1 նոյեմբերի 2022 - 11:18 AMT
Պեսկով․ ՌԴ-ն կշարունակի իր միջնորդական ջանքերը ԼՂ հարցում

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սոչիում կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքը ՌԴ միջնորդությամբ կշարունակվի։

«Մեր միջնորդական ջանքերը կշարունակենք»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

Photo. Ria Novosti