1 նոյեմբերի 2022 - 13:10 AMT
Սանոսյանն Իրանում քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը

Երկօրյա աշխատանքային այցով Իրանում գտնվող տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի հետ քննարկել է Քաջարանի թունելի կառուցման հարցը։

Սանոսյանը կարևորել է իրանական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։

Սանոսյանն անդրադարձել է նաև Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական մեծածավալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թույլ կտա մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծավալները։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։ Կարևորվել է ոլորտում գործակցությունը, կարողությունների հզորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Աշխատանքային այցով Իրանում է գտնվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հանդիպելու է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։