ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, անդրադառնալով ՀՀ-ում գրանցված գնաճին և դրամի փոխարժեքին, ասել է, որ գնաճի դեմ պայքարում են մի քանի եղանակով, որոնցից մեկը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքը, դրամի արժևորումը որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորոն զսպելուն։
Նոյեմբերի 1-ի դրությամբ դոլարի միջին փոխարժեքը ՀՀ բանկերում 403.24 դրամ է։
Նա նշել է, որ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքն համապատասխան չափով չբարձրացնեին և դրամն էլ այս չափով չարժևորվեր, ապա գլխավոր դրամատան գնահատականներով գնաճը Հայաստանում կլիներ առնվազը 15%-ի շրջակայքում, գրում է Panorama.am-ը:
Ըստ նրա, հիմա 9.9% Է գնաճը, և տարվա վերջում ակնկալվում է 10 % գնաճ Գալստյանը:
«Դրամի փոխարժեքը տնտեսությունում տեղի ունեցող գործողությունների հետևանք է, այսինքը մենք ունենք միջազգային այցելուներ, որոնց՝ Հայաստան ժամանելու արդյունքում ունենք շատ մեծ արտաքին պահանջարկ»,-ասել է Գալստյանը:
Նրա խոսքով՝ այդ միտումն արտահատվում է տնտեսության մեջ՝ ծառայությունների, առևտրի ոլորտների աճով և դրամի որոշակի արժևորման տենդենցներով:
«Այդ մարդիկ, որոնք տեղափոխվել են Հայաստան, գործարարությամբ զբաղվելու կամ այլ նպատակով, նրանց ծախսման ուղղությունն արժութային են, իրենք մարում են իրենց մոտ եղած արտարժույթը՝ ձեռք բերելով հայկական դրամ»,-ասել է ԿԲ նախագահը:
Գալստայանի խոսքով՝ այն իրավիճակում, երբ Հայաստանում առկա է լողացող փոխարժեք՝ ԿԲ-ն միջամտում է միայն այն դեպքում, երբ զգում է, որ շուկան խեղաթյուրվում է:
Հիշեցնելով, որ ՌԴ-ում սեպտեմբերին մոբիլիզացիա էր հայտարարվել՝ բանախոսը նկատել է, որ դրա արդյունքում Հայաստանում արտարժույթի հոսքը կրկին ավելացել էր, ինչը ԿԲ-ն չէր կարող անարձագանք թողնել, քանի որ այն իր ազդեցությունն է ունենում նաև արժութային շուկայի վրա:
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել ևս 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10․5%: ԿԲ կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 12%։
Կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9%: