1 նոյեմբերի 2022 - 18:49 AMT
ՀՀ-ն ու Իրանը գազի և էլէներգիայի համաձայնագրի երկարաձգման հուշագիր են կնքել

Հայաստանն ու Իրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգետիկայի և գազի վերաբերյալ համաձայնագրի երկարաձգման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Թեհրանում գտնվող ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի հետ մամուլի ասուլիսում, գրում է Factor.am-ն իրանական Mehrnews գործակալության վրա հղումով։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին նշել է, որ Հայաստանի վարչապետի այցն Իրան, անկասկած, բեկումնային է լինելու երկու երկրի զարգացման գործում։ Նշելով, որ Կովկասյան տարածաշրջանն Իրանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է՝ Ռաիսին հայտարարել է, որ կովկասյան տարածաշրջանում զարգացումները, անվտանգությունն ու խաղաղությունը շատ կարևոր են Իրանի համար, և որ «տարածաշրջանում օտարների կողմից ցանկացած միջամտություն խնդրի լուծման փոխարեն խնդիրներ կստեղծի»։

Հայաստանի վարչապետն իր հերթին բարձր է գնահատել Ռայիսիի մոտեցումն Իրանի հայ համայնքի նկատմամբ։

Գնահատելով Իրանի սկզբունքային տեսակետները Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերաբերյալ՝ Փաշինյանն ասել է. «Ես պարոն Ռայիսիին տեղեկացրել եմ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման մասին և համաձայն եմ Իրանի նախագահի տեսակետների հետ տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման վերաբերյալ»։

Նա նաև հայտնել է, որ Իրանի և Հայաստանի նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի և գազի պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Բացի այդ, քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի, գյուղատնտեսության, ենթակառուցվածների և ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ։

Հայաստանի վարչապետը Իրանի նախագահին հրավիրել է Երևան՝ բանակցությունները շարունակելու։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։