2 նոյեմբերի 2022 - 12:50 AMT
Փրայս․ ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցություններին և կայուն խաղաղության հաստատմանը

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել երկկողմ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ ինչպես գործընկերների, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների շրջանակում։

Փրայսը նշել է՝ Պետդեպի դիրքորոշումն այն է, որ ուղիղ երկխոսությունն է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հաստատման գրավականը։

«Մենք անելու ենք ամեն բան, ինչ համարում ենք առավել օգտակար, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատվի»,– ասել է Փրայսը։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

Photo. AP