2 նոյեմբերի 2022 - 13:24 AMT
Էրդողանը 1 տարով երկարացրել է թուրք զինվորականների ներկայությունը ԼՂ-ում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1 տարով երկարացրել է իր զինվորականների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված Ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնում։

Նշվում է, որ թուրք զինվորականները կշարունակեն կատարել իրենց միջազգային պարտավորությունները՝ ներառյալ ԼՂ-ում հրադադարի պահպանումը, գրում է Gazeta.ru-ն՝ Anadolu-ին հղումով։

Նոր մանդատն ուժի մեջ կմտնի 2022-ի նոյեմբերի 17-ից։ Մինչ այդ օրինագիծը հաստատվել էր Թուրքիայի Մեծ ազգային ժողովի կողմից։

2020-ի նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի ՊՆ ղեկավարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Համատեղ դիտարկման կենտրոնի ստեղծման մասին։ Հուշագիրը հաջորդել է 44-օրյա պատերազմի ավարտին՝ նոյեմբերի 9-ին ընդունած ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի համատեղ հայտարարությանը։