2 նոյեմբերի 2022 - 13:49 AMT
Եվրախորհրդարանի պատգամավորները Երևանում հանդիպել են Արցախի պատվիրակության հետ

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի ղեկավարած պատվիրակությունը ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ընդունել է Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորների։ Զրուցակիցները քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքներն ու Արցախի Հանրապետության շուրջ ծավալվող քաղաքական զարգացումները, անդրադարձ է կատարվել արտաքին քաղաքական շփումներում Արցախի համար ի հայտ եկած խոչընդոտներին։

Կողմերը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, Արցախի ժողովրդի անվտանգ ու խաղաղ կյանքի իրավունքի, ինչպես նաև Ադրբեջանի ձգտումների զսպման հարցերի շուրջ։ Հյուրերն իրենց կամքն են հայտնել Արցախի կողքին լինել այս խնդիրների բարձրաձայնման հարցում և ընդգծել են իրենց պատրաստակամությունը’ սատարելու արցախահայությանն այս հարցերի հաղթահարման ճանապարհին։

Նոյեմբերի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են Եվրոպական խորհրդարանի նիդերլանդցի պատգամավոր, ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պիտեր Վան Դալենը, ԵԽ նախկին փոխնախագահ, իտալացի անկախ պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն, գերմանացի պատգամավոր, ԵՊՌ քաղաքական խմբի անդամ Լարս Պատրիկ Բերգը։

Եվրախորհրդարանի պատգամավորներն ավելի վաղ հանդիպում են ունեցել նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նշվել է, որ Արցախն Ադրբեջանի կազմ մտցնելը հղի է էթնիկ զտումներով։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի մասին զեկույցին, որն առաջիկայում քննարկվելու է Եվրախորհրդարանում: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Աննա Գրիգորյանն ու Ասպրամ Կրպեյանը: