Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանից հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողի մարմինները փորձաքննությունն ընթացքի մեջ է։ Նա հավելել է, որ երբ գործընթացն ավարտվի, կտեղեկացնեն, հայտնում է Panorama.am-ը։
«Դեռ այս պահին արտերկիր տեղափոխելու կարիք չկա, բայց եթե ունենանք դեպքեր, որ կրկնակի փորձաքննելու արդյունքում պատասխան չունենանք, միանշանակ կդիմենք նաև մեր օտարերկրյա գործընկերների օգնությանը», - ընդգծել է նա։
Ադրբեջանական կողմը հայ զինծառայողների դիերը հայկական կողմին փոխանցել է մի քանի օր առաջ։
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։