3 նոյեմբերի 2022 - 18:09 AMT
2022-ին ՀՀ առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ աճել է 74.1%-ով

2022-ի առաջին 8 ամսում Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ կազմել է 2.778 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելի է 74.1 տոկոսով: Այդ մասին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է Աժ-ում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

«Այն 2021 թ հունվար-օգոստոսին կազմել է մոտ 1.6 մլրդ դոլար: 2022 թ հունվար-օգոստոսին ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1.1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ: Իսկ ԵԱՏՄ երկրներից ներմուծումը կազմել է 1.67 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 58.7 տոկոսով», - նշել է Քերոբյանը, գրում է Aysor.am-ը։

Նշվել է նաև, որ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալն այս տարվա առաջին 8 ամսում կազմել է 1.1 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2 անգամ։

2022-ի առաջին 8 ամսում ՌԴ-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը կազմել է 2.642 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 71.7 տոկոսով: Ընդ որում, արտահանումն աճել է 2 անգամ, իսկ ներմուծումը՝ 55.3 տոկոսով:

Առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ մյուս երկրների հետ նույնպես աճել է:

ՀՀ կառավարությունը, ըստ Քերոբյանի, աշխատանք է կատարել, որ Ռուսաստանից բացի, ԵԱՏՄ մյուս երկրների հետ առևտրաշրջանառությունը ևս խթանեն:

«ԵԱՏՄ կառուցվածքում բոլոր երկրների հարաբերությունների մեծ մասը կառուցված է եղել ՌԴ-ի հետ, և, կարծես, ՌԴ ու այլ երկիր հարաբերությունների է վերածվել: Մենք մեր առջև խնդիր ենք դրել ակտիվացնել հարաբերությունները ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ նույնպես, և ԵԱՏՄ-ն իր կառուցվածքով և առևտրաշրջանառությամբ դարձնել ավելի համաչափ», - ասել է Քերոբյանը:

Նրա գնահատմամբ՝ այս տարի արձանագրված փոփոխությունը ցույց է տալիս, որ այս ուղղությամբ կատարված աշխատանքը որոշակի արդյունք արդեն տվել է:

Եվրասիական տնտեսական ինտեգրացիոն գործընթացների մասին 2023 թ. պետբյուջեի նախագծով առանձին ծրագրային ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթացող քաղաքականություններն ու ինտեգրացիոն գործընթացները հիմնականում բովանդակային եւ ծրագրային են ու վերաբերում են արտաքին առեւտրի քաղաքականության ոլորտում միասնական որոշումների կայացման բովանդակությանը եւ չեն ենթադրում առանձին ծրագրային ֆինանսավորում: