3 նոյեմբերի 2022 - 14:33 AMT
Նախագիծ․ ԱԱԾ սպաներն ու ենթասպաները պարտադիր ատեստավորում կանցնեն

Ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողներն ատեստավորում կանցնեն, իսկ ծառայության սահմանային տարիքի շեմը կբարձրացվի: Կառավարությունը հավանություն է տվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» գործող օրենքում փոփոխությունների նախագծին։

Պարտադիր ատեստավորման համար առաջարկվում է սահմանել 5 տարին մեկ անգամ պարբերականությունը: Նախատեսվում է նաև արտահերթ ատեստավորման հնարավորություն՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության ենթասպայական և սպայական կազմերի զինծառայողների սահմանային տարիքի շեմը կբարձրացվի 2 տարով:

Նախատեսվում է նաև ԱԱԾ մարմիններում ծառայության ժամկետը մինչև 10 տարով երկարաձգելու հնարավորությունը նախատեսել նաև բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար:

Ըստ նախագծի, ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառություն անցնելու համար «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած և ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվելու է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանած կարգով:

Նախագիծն առնչվում է նաև ծառայությունից արձակելու հիմքերին՝ որպես հիմք առաջարկվում է նախատեսել նաև ծառայողի կողմից դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարելը, եթե նրա նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ այն դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Այս դեպքում լիազոր մարմնի ղեկավարի կողմից որոշում կայացնելու համար անհրաժեշտ հանգամանքները պարզելու նպատակով պարտադիր անցկացվելու է ծառայողական քննություն: