4 նոյեմբերի 2022 - 13:25 AMT
Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Նոյեմբերի 4-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները և այդ համատեքստում իշխանությունների հետագա անելիքները:

Խորհրդակցության որոշ մասնակիցներ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն այդ ուղղությամբ, ինչպես նաև մտքեր են փոխանակվել կոնկրետ հարցերի շուրջ միասնական դիրքորոշումներ ձևավորելու վերաբերյալ:

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։