4 նոյեմբերի 2022 - 14:17 AMT
Իսպանիայում, ի նշան ՀՀ հետ համերաշխության, չեն վավերացրել Ադրբեջանի հետ համաձայնագիրը

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների կոնգրեսը, ի նշան Հայաստանի հետ համերաշխության, չի հաստատել Ադրբեջանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը, հայտնում է El Confidencial–ը։

Նոյեմբերի 3-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում համաձայնագիրը չի վավերացվել 174 դեմ և 132 կողմ ձայներով։

2021-ի դեկտեմբերին Մադրիդում կնքված համաձայնագիրը նախատեսում էր Ադրբեջանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակում և պաշտպանություն:

Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինյարիտուն քվեարկությանը նախորդած քննարկման ժամանակ «անհեթեթություն» է համարել համաձայնագրի հնարավոր վավերացումը այն պահին, երգ «ագրեսիվ Ադրբեջանը սեպտեմբերին հարձակվել է ՀՀ վրա, տարածքներ օկուպացրել ՀՀ-ում»։

Նա հավելել է, որ «ադրբեջանական ռեժիմը կոռումպացված է, ագրեսիվ և անհանդուրժող այլակարծության հանդեպ»։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։