Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Աջափնյակում մետրոյի կայարան կառուցելու աշխատանքները նախագծման փուլում են, վերջնական փուլը պատրաստ կլինի 2023-ի հունիս-հուլիսին։
«Արդեն տեղի է ունենում առաջին փուլի հանձնման-ընդունման գործընթացը, նախագծման վերջնական փուլը պատրաստ կլինի հաջորդ տարի հունիս-հուլիսին ամիսներին, այնուհետև կհայտարարվի մետրոյի կայարանի կառուցման մրցույթ։ Չեմ կարծում, որ 2023 թվականին սկսվի կառուցումը»,- նշել է նա, գրում է Panorama.am-ը։
Սարգսյանի խոսքով, պետք է նաև հասկանալ, թե ինչ ֆինանսական միջոցներով է դա իրականացվելու։ Ասում է՝ միջազգային կազմակերպությունների միջոցով կիրականացնեն, քանի որ ծրագրում կան էներգախնայողության կոմպոնենտներ և այստեղ հնարավորություն կլինի ներգրավել դրամաշնորհներ։
Հարցին, թե հնարավո՞ր է 10 տարուց սկսեն կառուցել կայարանը, Երևանի քաղաքապետը պատասխանել է. «Չասեմ, երբ կարող ենք կառուցել, բայց ասեմ, որ գործընթացը գնում է, Երևանի բյուջեից արդեն 800 միլիոն դրամ է հատկացվել նախագծման աշխատանքները սկսելու համար, 2023-ի բյուջեով նախատեսված է 1 միլիարդ 100 միլիոն նախագծման աշխատանքների համար, որից հետո կսկսվեն աշխատանքները»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը և ՌԴ-ում ու հետխորհրդային երկրներում մետրոյի նախագծման աշխատանքներ իրականացրած «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը համաձայնագիր են ստորագրել մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման վերաբերյալ։ Ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։