7 նոյեմբերի 2022 - 16:04 AMT
Պեսկով․ ՌԴ-ն հորդորում է Ադրբեջանին և ՀՀ-ին ձեռնպահ մնալ ապակայունացնող գործողություններից

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ձեռնպահ մնալ քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը երկու երկրի միջև։

Նա այդ մասին ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել ՀՀ և Ադրբեջանի միջև «փոխհրաձգության վերսկսման մասին հաղորդագրություններին», գրում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք նախկինի պես կոչ ենք անում երկու երկրին ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից ու քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- ասել է Պեսկովը։

Նոյեմբերի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում իբր հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մասին։