8 նոյեմբերի 2022 - 16:15 AMT
ՀՀ նախագահը՝ ՄԱԿ համաժողովում․ Առողջարանային Ջերմուկը ծանր հրթիռակոծվել է

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովում, անդրադառնալով սեպտեմբերի 13–ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին, ասել է, որ ծանր հրթիռակոծության է ենթարկվել առողջարանային Ջերմուկը։

Նա նշել է նաև, որ Կեչուտի ջրամբարի հրետակոծությունը կարող էր հանգեցնել մեծաթիվ մարդկային զոհերի, իսկ շրջակա միջավայրի վրա ունենալ աղետալի հետևանքներ։

«Հայաստանի արևելյան և հարավարևելյան շրջանների խիտ բնակեցված քաղաքները, այդ թվում՝ Ջերմուկ քաղաքը, որը հայտնի է որպես լեռնային սպա և բժշկական զբոսաշրջության վայր, ենթարկվել էր ծանր հրթիռակոծության: Նշված շրջանների դեմ ռազմական գործողություններն ուղեկցվել էին լայն սպառազինության, այդ թվում՝ հրետանային և մարտական անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ` զգալի վնաս պատճառելով եզակի բնապահպանական համալիրին։»,–ասել է Խաչատուրյանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում առկա մարտահրավերներին ու անվտանգային խնդիրներին՝ կլիմայի փոփոխության օրակարգը շարունակում է առաջնային տեղ զբաղեցնել կառավարության ձևավորած օրակարգում:

«Մասնավորապես, որպես առաջնահերթություն է ճանաչվել կլիմայապես դիմացկուն և ցածր ածխածնային զարգացումը, որը հիմնված է կայուն և երկարաժամկետ կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության, լայնածավալ անտառապատման, վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ոլորտներում ներդրումների, նորարարական և ժամանակակից կլիմայական տեխնոլոգիաների կիրառման, էլեկտրական շարժունակության խթանման և միջուկային էներգիայի զարգացման վրա»,- ասել է նախագահը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Հոկտեմբերի 27-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 220-ից ավելի զոհի և անհետ կորածի մասին։