8 նոյեմբերի 2022 - 17:20 AMT
Քերոբյան․ Սփյուռքահայերի 74%-ը պատրաստ է ՀՀ-ում ներդրումների

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Երևանում մեկնարկած «Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովի բացմանն ասել է, որ սփյուռքահայերի 74 տոկոսը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել։

«Մեր կառավարության նպատակն է փոխել տնտեսության կառուցվածքը և սպառման վրա հիմնված աճի մոդելից տեղափոխվել ներդրումների վրա հիմնված մոդելի՝ ընդհանուր ներդրումների ծավալը հասցնելով ՀՆԱ-ի 25 տոկոսի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը՝ ՀՆԱ-ի 6 տոկոսի և այլն»,– ասել է Քերոբյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա վստահեցրել է, որ Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները մասնավոր ներդրումային ֆոնդերի գործունեության համար, կառավարությունն էլ պատրաստ է ամեն կերպ օժանդակել այդ ֆոնդերի ձևավորմանը։

Համաժողովի կազմակերպիչներից Ալեքսանդր Շաղիկյանը հայտնել է, որ Հայաստանի ֆինանսական շուկան այսօր բաղկացած է մոտ 10․3 մլրդ դոլարի վարկային ներդրումներից, 3․6 միլիարդ դոլարի պետական պարտատոմսերից, 1․1 միլիարդ դոլարի կորպորատիվ պարտատոմսերից, 670 միլիոն դոլարի թողարկված բաժնետոմսերից, իսկ մասնավոր կապիտալի ֆոնդերից տնտեսության մեջ տեղաբաշխված միջոցները 200 միլիոն դոլարից էլ պակաս են:

Շաղիկյանը նկատել է, որ, ի տարբերություն Հայաստանի, զարգացած ֆինանսական համակարգեր ունեցող երկրներում մասնավոր կապիտալի ֆոնդերի վարկավորման և արժեթղթերի շուկաները համադրելի ծավալներ ունեն։

«Այլընտրանքային ներդրումները Հայաստանում» երկօրյա միջազգային համաժողովին մասնակցում են ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Միացյալ Թագավորությունից, Կյուրասաոյից։