9 նոյեմբերի 2022 - 13:39 AMT
ՀՀ և Իրանի ֆինանսների նախարարները կարևորվել են $3 մլրդ-ի առևտրի իրականացումը

Պաշտոնական այցով Իրանում գտնվող ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը և ԻԻՀ ֆինանսների և տնտեսական հարցերով նախարար Էհսան Խանդուզին նոյեմբերի 8-ի հանդիպմանը կարևորել են երկրների միջև տնտեսական մի շարք առաջնահերթյուններ, մասնավորապես` տարեկան 3 միլիարդ դոլարի առևտրի իրականացումը, ապրանքների փոխանակման ծավալը 5 միլիոն տոննայի հասցնելը, ինչպես նաև ֆինանսական, բանկային և առևտրային և մաքսային հարաբերությունների պարզեցումն ու զարգացումը:

Նախարարը կարևորել է Իրանի և Հայաստանի միջև համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդումը։

«Իրանի և Հայաստանի տնտեսական ու քաղաքական հարաբերությունները տասնամյակների պատմություն ունեն: Ընթացող բոլոր բանակցությունների հիմքը երկու երկրների միջև այս երկարատև համագործակցությունն է, և Հայաստանի և Իրանի առևտրա-տնտեսական հարաբերությունների մակարդակը երեք միլիարդ դոլարի հասցնելու նպատակադրումը վկայում է այս գլխավոր հիմքերի մասին»,-ասել է Խաչատրյանը։

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական փոխանակումների ծավալի արձանագրված 25 տոկոս աճին՝ նախարարը ընդգծել է, որ այս տարի երկու երկրների միջև փոխանակումների ծավալի աճը կկազմի ավելի քան 40 տոկոս։

Հանդիպման ժամանակ Էհսան Խանդուզին ընգծել է. «Իրանի կառավարությունը շատ լուրջ է հետևում հարևան երկրների վարած տնտեսական քաղաքականությանը՝ շեշտը դնելով Կովկասյան տարածաշրջանի վրա, և ես հուսով եմ, որ մեր երկրների միջև 3 միլիարդ դոլարի առևտուր իրականացնելու նպատակը, որն արծարծվել է Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ, իրականացվելու է հենց այս կառավարության օրոք»։

Այցի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ ԻԻՀ նախագահի տեղակալ Մասուդ Միրքազեմի, և բարձրաստիճան մի շարք այլ պաշտոնյաների հետ:

Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ռեզա Ֆաթեմի Ամինի հետ: