10 նոյեմբերի 2022 - 11:42 AMT
ՌԴ-ում Ամանորին ընդառաջ արտերկրից ներկրվող ալկոհոլին կփոխարինեն խմիչքները ՀՀ-ից և Վրաստանից

ՌԴ-ում Ամանորին ընդառաջ արտերկրից ներկրվող ալկոհոլային ընմպելիքների հայտնի արտասահմանյան բրենդերի պակաս է զգացվում, որին կոչված են լրացնելու Հայաստանից և Վրաստանից ներկրվող ալկոհոլը։

Luding Group ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Անդրեյ Ուշակովը նշել է, որ աճում է հայկական և վրացական կոնյակների և գինիների պահանջարկը, գրում է ՌԲԿ-ն։

«Աճում է ՀՀ-ից և Վրաստանից գինիների և թունդ ալկոհոլի՝ հայկական և վրացական կոնյակների, վրացական ճաճայի և մրգային թորվածքների ներկրման պահանջարկը։ Դիտարկվում է նաև Հնդկաստանից վիսկիի ներկրման հնարավորությունը»,-ասել է նա։

«Մետրո» մանրածախ ցանցը ևս հայտնել է, որ գինիներ են ներմուծելու Վրաստանից, Հայաստանից, Գերմանիայից և Հարավային Աֆրիկայից։

ՌԴ-ից արտերկիր ալկոհոլի շատ տեսակներ չեն ներկրվում Ուկրաինայում պատերազմի պատճառով ՌԴ դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով, իսկ երկրում եղած պաշարներն արդեն սպառվում են։