10 նոյեմբերի 2022 - 15:05 AMT
Էրդողանն ասել է՝ ՀՀ հետ Թուրքիայի հարաբերությունները կախված են Երևանի և Բաքվի միջև կարգավորումից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբարությունները դրական կլինեն, եթե կարգավորվեն Երևանի և Բաքվի հարաբերությունները՝ հավելելով, որ դեռևս դրական պատկեր չկա։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, սակայն կոնկրետություն դեռևս չկա, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայկական կողմի հետ մեր վերջին հանդիպումը Պրահայում է եղել, մենք նրանց բացահայտ ասացինք՝ եթե դուք (Հայաստանը) դեպի դրական հուն ուղղեք Ադրբեջանի հետ հարաբերությունները, ապա և Թուրքիայի հետ հարաբերություընները դրական ուղու վրա կդրվեն։ Մենք դա ենք սպասում Երևանից։ Դեռևս նման պատկեր չկա։

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հայկական սփյուռքը ճնշում է գործադրում և դա ազդում է գործընթացի վրա։ Ամեն ինչ կախված է Հայաստանի ղեկավարությունից։ Մենք ոչ թե թշնամիներ ենք ուզում, այլ բարեկամներ»,-ասել է Էրդողանն Անկարայում՝ Սամարղանդ թռիչքից առաջ։

Առաջիկայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են ուղիղ ավիաբեռնափոխադրումներ սկսելու և երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունների իրագործումը: Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը: