10 նոյեմբերի 2022 - 15:20 AMT
Փաշինյան․ Եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը ՀՀ կամ ԼՂ հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարություններին և հնչեցրած սպառնալիքներին, ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

Նա նշել է, որ ՀՀ-ն ամեն ջանք կգործադրրի՝ Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիան հնարավորինս արագ ավարտին հասցնելու, տարածաշրջանային բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, օր առաջ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, անկեղծ նվիրված է խաղաղության օրակարգին:

«Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,-ասել է նա։

Փաշինյանը վերահաստատել է Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին ՀՀ-ի հավատարմությունը, այն է՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի և արձանագրության հիման վրա փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և սահմանների անխախտելիությունը ճանաչելու հիման վրա Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու և խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ:

Ալիևը, ելույթ ունենալով զինվորականների առջև կրկին սպառնալիքներ է հնչեցրել հայկական կողմի հասցեին՝ ասելով, թե սեպտեմբերի 13-14-ի «գործողությունից հետո Ադրբեջանի ԶՈւ-ն տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանի գոտու առանցքային ռազմավարական բարձունքներում և Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում։ Նա ասել է նաև, որ ռազմավարական բարձունքներից իրենք կարող ենք տեսնել Կապանը, Գորիսը, Ջերմուկը, Սևանա լիճը՝ նշելով, այդ տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ալիևն ասել է նաև, որ ռուս խաղաղապահները ԼՂ-ում ժամանակավոր են տեղակայված։