10 նոյեմբերի 2022 - 18:39 AMT
Անկախ նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի ԱՄՆ ընտրություններում, ամերիկահայերը կաշխատեն յուրաքանչյուր կողմի հետ

ԱՄՆ-ում շարունակում են ամփոփել միջանկյալ ընտրությունների արդյունքները: Ըստ նախնական տվյալների՝ Հանրապետական կուսակցությունն արձանագրել է սպասվածից ավելի համեստ արդյունք:

«Ակնկալվում էր, որ ընտրություններին կլիներ «կարմիր (հանրապետական կուսակցության գույնը- խմբ.) ալիք»: Սակայն դրան ականատես չեղանք, փաստորեն: Թեև վերջնական թվերը դեռ հայտնի չեն, սակայն այս պահի դրությամբ թվում է, որ դեմոկրատներին հաջողվում է պահպանել Սենատը»,- նշել է Եղիսաբեթ Չուլջյանը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Հայ Դատի հանձնախմբի խոսնակը վերահաստատել է՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը կհաղթի ընտրություններում, Հայ Դատի հանձնախումբը կաշխատի յուրաքանչյուր կողմի հետ:

Ըստ նրա՝ Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը ստացած ԱՄՆ Սենատի ու Ներկայացոցւիչների պալատի 88 թեկնածուից, նախնական տվյալների համաձայն, հաղթանակ է տոնում 87-ը, որոնց թվում են սենատորներ Մարկո Ռուբիոն, Ալեքս Փադիլլան, Քրիս վան Հոլենը, Չակ Շումերը և այլ սենատորներ, ինչպես նաև տասնյակ կոնգրեսականներ, ներառյալ հայկական հանձնախմբի համանախագահներ և փոխհամանախագահներ Ֆրենք Փալոնը, Ադամ Շիֆը, հայազգի կոնգրեսական Աննա Էշուն ու այլ կոնգրեսականներ:

Չուլջյանն ընդգծել է՝ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում ընթանում է բուռն պայքար դեմոկրատների ու հանրապետականների միջև: Մոտ ժամանակներում պարզ կդառնա՝ արդյոք հաջողվել է դեմոկրատներին պահպանել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մեծամասնությունը:

«Մեր գործը պետք է լինի հայամետ կոնգրեսականների թվի ընդլայնումը, որպեսզի հաջորդ ընտրություններում աջակցենք ավելի մեծ թվով կոնգրեսականների՝ հիմնված նրանց ի նպաստ Հայաստանի ու Արցախի աշխատանքի»,- ասում է Չուլջյանը:

Ըստ Չուլջյանի՝ հայկական հանձնախմբին անդամակցելը միայն դեռ բավարար չէ ամերիկահայության և մասնավորապես Հայ Դատի հանձնախմբի աջակցությունը ստանալու համար:

«Հայկական հանձնախումբն ունի ավելի քան 120 անդամ, սակայն մենք աջակցել ենք միայն 88-ին, քանի որ պարզապես անդամակցությունը բավարար չէ: Կոնգրեսականները պետք է կարող լինեն հստակ քայլեր ձեռնարկել ի նպաստ Հայաստանի ու Արցախի»,- նշել է Չուլջյանը:

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի օրենսդիրների և հայամետ սենատորների հաղթանակը շնորհավորել է նաև Ամերիկայի հայկական համագումարը:

Բացի այդ, Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է նաև մեկ այլ արդյունքներ, մասնավորապես սենատոր Բոբ Մենենդեսի որդի՝ Ռոբերտ Մենենդես կրտսերի հաղթանակը Նյու Ջերսիում, ով ընտրվել է Կոնգրես Հայկական խմբի պաշտոնաթող անդամ Ալբիո Սիրեսի փոխարեն, ինչպես նաև հայկական հանձնախմբին միանալու ցանկություն հայտնած Թոմ Քին կրտսերի առավելությունը Թոմ Մալինովսկու դեմ ընտրապայքարում:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ավելի քան 80 կոնգրեսականի և թեկնածուի է աջակցել 22 նահանգից ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Այդ մասին ասել է Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը՝ նշելով, որ ամերիկահայությունն ակտիվորեն ներգրավված է ընտրությունների բոլոր մակարդակներում։

Նախագահ Ջո Բայդենի կուսակցությունը կարող է կորցնել տասնյակ տեղեր Ներկայացուցիչների պալատում և մի քանի տեղ՝ Սենատում, ինչը բավական է Կոնգրեսի վերահսկողությունը Հանրապետական կուսակցությանը հանձնելու համար: Նախագահ Բայդենը Սան Դիեգոյում լրագրողներին ասել է, որ «լավատես է» դեմոկրատների հնարավորությունների վերաբերյալ այս ընտրություններում, սակայն հանրապետականներն ասում են, որ տեսնում են հաղթանակի հստակ ճանապարհ: