11 նոյեմբերի 2022 - 11:05 AMT
Եղոյանը Վիլնյուսում ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիան ու դրա նպատակները

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Վիլնյուսում «Ժողովրդավարության ապագան» խորհրդաժողովին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած խնդիրները, մասնավորապես` ՀՀ վրա Ադրբեջանի հարձակման ու ագրեսիվ քաղաքականության հեռահար նպատակներն ու խորքային դրդապատճառները։

Մոտ 30 երկրի ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ժողովրդավարական պետություններին և համակարգերին սպառնացող ժամանակակից մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները, հայտնում է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։