11 նոյեմբերի 2022 - 12:20 AMT
ՊԵԿ-ը սկսել է էլեկտրոնային ծանուցել չվճարված հարկերի գանձման ու գույքի արգելանքի մասին

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն, հոկտեմբերի 1-ից հարկ վճարողները, չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերին համարվում են պատշաճ ծանուցված՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու օրվանից, որոնք ուժի մեջ են մտնում դրանց պատշաճ ծանուցվելու հաջորդ օրվանից:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին առավել հաճախ ստուգել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջը և ծանոթանալ ստացված փաստաթղթերին, ինչը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տեղեկանալ ու իրացնել հարուցված վարչական վարույթում լսված լինելու իրավունքը, ինչպես նաև ներկայացնել գրավոր բացատրություններ և առարկություններ:

Ըստ կոմիտեի, հոկտեմբերի 1-ից կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ արդեն իսկ ուղարկվել է չվճարված հարկային պարտավորությունների գանձման և գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակում պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի շուրջ 27 հազար ծանուցում: