14 նոյեմբերի 2022 - 12:15 AMT
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն

2020-ի նոյեմբերի 13-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել ու տարհանվել է 1786 աճյուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում ռազմադաշտից ու հրթիռակոծվող բնակավայրերից տարհանվել է 1415 մարմին։

«2020 թվականին հենց այս օրը` նոյեմբերի 13-ին, Արցախի փրկարար ծառայողների գործուն մասնակցությամբ սկսվեց զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները։

Թե ինչերի միջով անցան այս տղաները և թե ինչպես հաղթահարեցին այս փորձությունը, նշանակում է չասել ոչինչ»,-ասվում է գրառման մեջ։

44-օրյա պատերազմում զոհերի ամբողջական անվանացանկը մինչ օրս չի հրապարակվել։ Հայտարարվել է 3825 զոհի մասին, 208 մարդ անհետ կորած է։ Այս թիվն է 2022-ի ապրիլին հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մարտական գործողություններն ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ռազմական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորում էին քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակավայրերը, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցրեց քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և ավերածությունների։