14 նոյեմբերի 2022 - 13:17 AMT
Մակրոնն ու Փաշինյանը կհանդիպեն Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Մակրոնը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ, հայտնում է Ելիսեյան պալատը։

Գագաթնաժողովը կայանալու է նոյեմբերի 19-ին՝ Ջերբայում։

Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ալիևը քննարկել են նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ Պրահայի քառակողմ գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Ֆրանսիայի նախագահը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության կայունացնող դերը հայ-ադրբեջանական սահմանին, որի տեղակայման մասին որոշումն ընդունվել էր Պրահայում։

Մակրոնը վերահաստատել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և քաղաքական լուծման հասնելուն, ինչը թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել էր նաև Ֆրանսիայի նախագահին։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։