16 ապրիլի 2009 - 16:48 AMT
Սերժ Սարգսյան. Եթե հասարակությունը վստահում է իրավապահ մարմիններին, ապա վստահում է նաեւ պետությանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին հրամանագիր է ստորագրել ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության մի խումբ աշխատակիցների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին:
ՀՀ նախագահի նստավայրում այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգեւները: Շնորհավորելով պարգեւատրվածներին երկրի ղեկավարն ասել է. «Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Այս շնորհավորանքն ուղղված է մեր բոլոր ոստիկաններին` ոստիկանության զորքերի շարքայինից մինչեւ ոստիկանապետ, ճանապարհային ու պարեկային հսկողություն իրականացնողներից մինչեւ իրավակարգի պահպանության պատասխանատուներ. շնորհավորում եմ բոլոր ծառայողներին ու սպաներին` մարդկանց, ում համար պետության ու հասարակության անդորրը պաշտպանելը ամենօրյա աշխատանք է, ինչու չէ, նաեւ առաքելություն: Ես շնորհավորում եմ նաեւ Ձեր ընտանիքի անդամներին, ովքեր հասկանալով ոստիկանի առաքելությունը, ձեզ ամեն օր աշխատանքի են ճանապարհում ու անհամբերությամբ սպասում ձեր վերադարձին:
Մեր նորանկախ պետությունը պահպանել է ոստիկանների ինքնազոհողության բազմաթիվ դրվագների վկայություններ: Մենք հպարտանում ենք բոլոր այդ մարդկանցով, ովքեր զուգակցել են հանցավորության դեմ պայքարը անկախության առաջին օրերին հայրենիքի սահմանների պաշտպանության հետ: Այդ մարդիկ կամովին կրկնապատկել են վտանգն ու գործը` անձնվիրաբար պաշտպանելով Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու հեղինակությունը, մեր քաղաքացիների անվտանգությունն ու իրավունքները, պատիվն ու արժանապատվությունը:
Յուրաքանչյուր երկրում ոստիկանությունը պետության եւ հասարակության առանցքային կառույցներից է, որի արած գործն առանձնահատուկ է ու կարեւոր. պահպանել իրավակարգն ու օրինականությունը, պայքարել հանցավորության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Այս խնդիրների լուծումը հատկապես կարեւորվում է երիտասարդ ժողովրդավարություններում, որտեղ ոստիկանությունը առավել աչալուրջ ու արհեստավարժ պետք է մոտենա իր առջեւ դրված խնդիրների լուծմանը:
Այսօր մեր հանրությանը արդարացիորեն մտահոգում է այն իրողությունը, որ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում հնչող կրակոցների, որ մեր քաղաքացիների ձեռքում դեռեւս մնում է մեծ քանակությամբ անօրինական զենք ու զինամթերք: Մեր քաղաքացիների արդարացի պահանջն այն է, որ երկրում ու մայրաքաղաքում հաստատակամորեն զսպվեն այս երեւույթները: Ես այդ մասին արդեն խոսել եմ, համապատասխան ցուցումներ եմ տվել, եւ մենք պարտավոր ենք լուրջ արդյունքներ ունենալ:
Մյուս խնդիրը համակարգում եւ մեր երկրում կոռուպցիայի դեմ պայքարը սկզբունքորեն նոր որակի բարձրացնելն է: Հիշեք, ձեզ կհարգեն այն դեպքում, եթե տեսնեն, որ ոստիկանն ինքն է հարգում իր համազգեստի պատիվը, որ ոստիկանն անկաշառ է ու ազնիվ, որ նրա հետ հնարավոր չէ անօրինական գործարքի գնալ:
Ժամանակակից աշխարհը, բոլոր պետությունների իրավապահներն այսօր բախվում են հանցավորության դեմ պայքարի նոր մարտահրավերների: Տարեցտարի հանցավորությունը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Նորօրյա վտանգներին պետք է պատասխանել բարձր մասնագիտական պատրաստվածությամբ, զգոնությամբ ու անհաշտ պայքարի միջոցով: Աշխատե՛ք, սովորե՛ք, կատարելագործվե՛ք. դա է հնարավոր միակ ճանապարհը: Այլ ճանապարհ չկա»,-ասել է նախագահը: Մարտական ծառայության համար մեդալով պարգեւատրվել է ոստիկանության գնդապետ Մուշեղ Ղազարյանը: Ոստիկանության գնդապետներ Արթուր Մարգարյանը, Ազատ Բաբայանը, Սամվել Դանիելյանը, Աշոտ Վանյանը, Հայկ Դավթյանը, Սուրեն Սարուխանյանը, փոխգնդապետ Դանիել Թադեւոսյանը, ոստիկանության մայոր Սամվել Խաչատրյանը մեդալներ են ստացել խիզախության համար: Հասարակական կարգի գերազանց պահպանման համար մեդալներ են ստացել գեներալ-մայոր Արամ Զաքարյանը, գնդապետներ Խաչիկ Ասատրյանը, Տարոն Բաղդասարյանը, Գագիկ Ավետիսյանը, ոստիկանության մայոր Ներսես Նազարյանը, ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Սայաթ Շիրինյանը: